Այսօր` սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարարի տիկնոջ` Նատալիա Նալբանդյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի բացման արարողությունը: Ասոցիացիայի նպատակն է հեշտացնել արտասահմանցի դիվանագետ ընտանիքների ինտեգրումը հայաստանյան կյանք` նրանց կեցությունը Հայաստանում հնարավորին չափ հետաքրքիր եւ հաճելի դարձնելու համար: Ասոցիացիան` հայ դիվանագետների ընտանիքների, հայ մշակութային, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցչիների հետ հանդիպումների միջոցով կծանոթացնի մեր երկրի բազմազանությանն ու ժողովրդի անկրկնելի ավանդույթներին:

Առաքելության իրականացման նպատակով «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիան դիվանագետների ընտանիքների համար կկազմակերպի հանդիպումներ, էքսկուրսիաներ, համերգներ, որոնք կօգնեն ճանաչել Հայաստանի երեկն ու այսօրը, հայ ժողովրդի մշակույթն ու լեզուն, ավանդույթներն ու կենցաղը:

Արդեն հոկտեմբեր ամսից Երեւանում ապրող օտարեկրյա դիվանագտների կանանց եւ կին դիվանագետների համար ասոցիացիայի կողմից կազմակերպվելու են հայերեն լեզվի անվճար դասընթացներ: Ասոցիացիայի բացման արարողությանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կազմակերպությունների շուրջ հարյուր կին ներկայացուցիչ: