Վաղը Գյումրիում` Շիրակի պետական համալսարանում կշարունակվեն բողոքի ակցիաները ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը:
«Վաղը ժամը 12:00-ից սկսած բողոքի ակցիաները կշարունակվեն, հուսով եմ, որ վաղը ավելի շատ ուսանողներ եւ դասախոսներ կմասնակցեն, քանի որ շաբաթ օրը բուհի ղեկավարությունը զանգել էր ուսանողներին եւ դասախոսներին եւ ասել են, որ դասի չգան»,-ասաց նա:
Նախկին դասախոսի կարծիքով` սկսված նախաձեռնությունը հաջողություն կունենա եւ հանրապետական ռեկտորը ի վերջո հրաժարական կտա. «Նախ եթե պարոն Մինասյանը մի փոքր աբուռ-նամուս ունենար, ինչպես ասում են գյումրեցիները, ինքը ինքնակամ կլքեր պաշտոն: Հիմա այս մարդը 20 տարի եղել կրթության վարչության պետ Շիրակի մարզպետարանում, 8 տարի եղել ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարը, իսկ հիմա երբ որ իր կուսակցությունը զրկված է իշխանությունից, ինքը փորձում է դառնալ «Ելք», բացահայտ բոլորի ներկայությամբ ասում է` Նիկոլն էլ է մերը»:
Նշենք, որ շաբաթ օրը սկսված բողոքի ակցիայի ժամանակ նախկին դասախոսներն ու ուսանողները պահանջում էին ՇՊՀ ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:
Նշենք, որ աշխատանքից ազատված դասախոսները ռեկտորի «ապօրինությունների» մասին բազմիցս բարձրաձայնել են եւ դրանց մասին հայտնել իրավապահ մարմիններին:




























