«Շվեդիան չի կարծում, որ Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել», ասել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը՝ պատասխանելով «Popular Liberal» կուսակցությունից պատգամավոր Սեսիլիա Վիլկստրյոմի ուղղակի հարցին։ Արտգործնախարարը հավելել է, թե պատմական իրադարձությունների գնահատմանը խառնվելը եւ ուղղություն ցույց տալը քաղաքական գործիչների գործը չէ։ Այս մասին գրում է արգենտինական «Diario Armenia»-պարբերականը՝ հղում անելով ֆրանսիական «Le Figaro» թերթին։
Արգենտինական պարբերականը նշում է, որ շվեդ պաշտոնյան այսպիսով, առանց հասկանալու, հերքել է ինքն իրեն։ Չէ որ ասելով, թե Թուրքիան ցեղասպանություն չի գործել, նա արդեն իսկ գնահատական է տվել պատմական դեպքերին։ Պարբերականը գրում է, որ շվեդ պաշտոնյայի խոսքեր զարմացրել են շվեդահայերին, մասնավորապես՝ Շվեդիայի ընկերակցությունների հայկական միության քարտուղար Վահագն Ավետյանին։ «Բիլդտը պետք է գիտենա, որ ցեղասպանությունը ընդամենը գիտական հասկացություն չէ, այլ միջազգային հանցագործության տեսակ, որը համապատասխան փաստաթղթերով դատապարտել է մասնավորապես ողջ Եվրոպան եւ դրանք ստորագրել է նաեւ Շվեդիան», ասել է նա։
Վերոհիշյալ շվեդ պատգամավորը՝ Սեսիլիա Վիլկստրյոմը, Բիլդտին իրազեկել է, որ 1987 թ.-ին Եվրախորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ու նաեւ թվարկել է այն երկրներից մի քանիսին, որոնք նույնպես պաշտոնապես ճանաչել են այդ անհերքելի փաստը։ Այսուհանդերձ, շվեդ դիվանագետը ասել է, թե ցեղասպանության ճանաչումը բացասականորեն կանդրադառնա 1915 թվականի դեպքերը քննարկումների առարկա դարձնել ցանկացողների վրա։ Վահագն Ավետյանի կարծիքով սա անընդունելի է։ շվեդ դիվանագետը մտածում է այնպես, ինչպես կմտածեր Անկարան, այսինքն իբր թե ցեղասպանության ճանաչումը կվնասի Թուրքիայի ժողովրդավարացմանը։ Ավետյանը նշել է, որ Թուրքիայի շահերի պաշտպանությունը Շվեդիայի արտգործնախարարի խնդիրը չէ։
Իր հերթին Կարլ Բիլդտը ասել է, թե այսօրվա Թուրքիան պատասխանատու չէ 1915 թ-ին իր քաղաքացիների կատարածի համար։ Իսկ Ավետյանը նշել է, թե, այսօրվա Թուրքիայի համար խնդիր է ոչ թե բուն ցեղասպանությունը, այլ դրա հետեւողական հերքումը։
Կարելի է ենթադրել, որ որ շվեդ պաշտոնյայի այս ջերմ կարծիքը Թուրքիայի մասին պատճառներից մեկը եղավ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չեղյալ հայտարարի հունիսի 2-ին նախատեսված իր այցը Շվեդիա։ Այս քայլը թեեւ պաշտոնապես մեկնաբանվեց իբրեւ աշխատանքային լարված գրաֆիկի հետեւանք, սակայն իրականում թելադրված էր Շվեդիայի արտգործնախարարի հայտարարությունների նկատմամբ պաշտոնական Փարիզի դժգոհությամբ։
Շվեդ պաշտոնյան այնքան հեռու էր գնացել Թուրքիային գովերգելու հարցում, որ «Le Fígaro» թերթը իր վերոհիշյալ հոդվածը վերնագրել էր այսպես. «Եվրամիությունը աշխարհում իր դիրքերն ամրապնդելու համար Թուրքիայի կարիքն ունի»։
Օրերս Շվեդիայի վարչապետի մամուլի խոսնակ Ֆրեդրիկ Ռեյնֆելդը համոզմունք է հայտնել, որ Սարկոզիի այցը տեղի կունենա հունիսի 3-ին, եւ որ այցի ձգձգվելը բացատրվում է աշխատանքային օրակարգի բարդությամբ։ Նա հավելել է, թե Ֆրանսիայի եւ Շվեդիայի տարաձայնությունների վերաբերյալ ֆրանսիական լրատվամիջոցների տարածած լուրերը գոյություն չունեցող խնդրի անհիմն շահարկումներ են։



























