Քննիչ Միքայել Զադոյանի եւ փաստաբան Գայանե Գալոյանի մասնակցությամբ կաշառքի գործի անջատված մասով մայիսի 7-ին դատարանում հետազոտվեցին «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման սկավառակները:

Անջատված մասով ամբաստանյալը Քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանն է: Ըստ մեղադրանքի, նա քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք են ստացել:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայրում հրապարակված գաղտնալսումները մեծ մասամբ վերաբերում են Գայանե Գալոյանի, Բաբկեն Գասպարյանի եւ Միքայել Զադոյանի մասնակցությամբ դրվագներին: Քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի անունը հիշատակվում է միայն երկրորդ սկավառակում, որտեղ կրկին գաղտնալսել են Գայանե Գալոյանին եւ Բաբկեն Գասպարյանին: Վերջինիս հարցին ի պատասխան, թե եթե ինքը 3000 դոլար տվեց, ինչու այդպես եղավ, Գալոյանն արձագանքել է. «Խնդիր ունես, Բունիաթն էնտեղ նստած ա, գնա հարցրու»: Այս խոսակցությունից հետո Գասպարյանը բաժնի մոտ հանդիպել է Միքայել Զադոյանին եւ նրանից նույնպես հետաքրքրվել, թե ինչու այդպես եղավ, երբ ինքն արել է ամեն ինչ պայմանավորվածության համաձայն: Զադոյանը մի քանի անգամ խորհուրդ է տվել դիմել Գայանե Գալոյանին: Դրանից հետո Բաբկեն Գասպարյանը եւս մեկ անգամ զրուցել է փաստաբանի հետ, որից հետո նորից գնացել քննչական բաժին՝ Միքայել Զադոյանին տեսնելու:

«Ես խաբար կանեմ, Գայանեն հետդ կխոսի, ես թարգմանիչ եմ աշխատում ձեր միջեւ»,- ասել է Զադոյանը:

Այսքանով գործով փաստաթղթերի եւ տեսանյութերի հետազոտումն ավարտվեց: Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն Բաբկեն Գասպարյանն ու նրա կինը: Նշենք, որ Գասպարյանի, Զադոյանի եւ Գալոյանի մասը քննվում է առանձին: