Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին նախաձեռնությունը կարող է բեկումնային լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում,- կարծում են տարածաշրջանի վերլուծաբանները։

Ինչպես գրում է թուրքական «Զաման» թերթը, Գուդզոնի (ԱՄՆ) համալսարանի միջազգային ծրագրերի ու քաղաքականության հարցերով փոխնախագահ Էնդերս Վիմբուշը այդ կապակցությամբ ասել է. «Հայ-թուրքական սահմանի բացումը կպահանջի ինտենսիվ ու նրբանկատ դիվանագիտություն վարել Ադրբեջանի հետ։ Սակայն իրերի նման դասավորության դեպքում կշահեն թե՜ Թուրքիան, թե՜ Ադրբեջանը»։

Պարբերականը նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարճ ժամանակով խախտել է Թուրքիայի ու Ադրբեջանի բարեկամությունը։ 1993 թվականին, ղարաբաղյան հակամարտության հետեւանքով, Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները դարձան բավական լարված։ Աջակցելով իր ռազմավարական գործընկերոջը, Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը։ Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը առաջ է բերել Բաքվի դժգոհությունը, քանի որ Հայաստանի տնտեսական շրջափակումը վերջինիս վրա ճնշում գործադրելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իր օգտին լուծելու գլխավոր միջոցներից մեկն է։

Ռուսաստանը, որը տարածաշրջանի գերիշխող ուժն է, հետապնդում է զուտ իր շահերը։ Քանի որ որոշ երկրներ եղել են ԽՍՀՄ կազմում, ապա Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի պահպանի այստեղ իր ազդեցությունը։ Հատկապես դա վերաբերում է Հարավային Օսիային։ Ռուսաստանը փորձում է օգտագործել տարածաշրջանը աբխազական ու հարավ-օսական ձգձգված հակամարտությունների միջոցով։

Իր անկախության առաջին տարիներին Հայաստանը, որը գլխավոր գործող անձն էր ղարաբաղյան հակամարտությունում, հայտնվեց Ռուսաստանի գերիշխանության տակ, ինչը Ռուսաստանի միակ դաշնակցի կարգավիճակ շնորհեց Հայաստանին հետխորհրդային Կովկասում։ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմի հետեւանքով , վերջինս «կորցրեց» իր տարածքների 20 տոկոսը, իսկ Հայաստանը հայ-թուրքական սահմանի փակվելուց հետո ստիպված էր ավելի մերձենալ Ռուսաստանին։ Ադրբեջանի տնտեսական ու ռազմական զարգացման լույսի ներքո Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը երկրում տնտեսական իր տխրահռչակ լծակներով, այն է՝ գազային գործարքի միջոցով։ Այսպիսով՝ նպաստելով երկու երկրների միջեւ հակամարտային իրավիճակի շարունակմանը, Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։

Իր հերթին Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսաստանի ու Եվրասիայի ծրագրերի տնօրեն Էնդրյու Կուչնիսը պնդում է, որ "արդեն 15 տարի շարունակ Մոսկվան դիտում է իր շահերը «սառեցված հակամարտությունների» ստատուս-քվոյի լույսի ներքո։ «Անցած ամռանը մենք դարձանք Վրաստանում սառեցված երկու հակամարտությունների վկան, որոնք ապասառեցվեցին Մոսկվայի օգտին։ Ես կասկածում եմ, որ Մոսկվան կաջակցի հայ-թուրքական արձանագրություններին, որոնք կնվազեցնեն նրա տնտեսական ազդեցությունը Հայաստանում ու Ադրբեջանում»,- նշել է նա։

Եվ այնուամենայնիվ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է հիանալի հնարավորություն հանդիսանալ այն բանի համար, որպեսզի Հայաստանը ազատվի Ռուսաստանի ազդեցությունից, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Է. Վիմբուշն, իր հերթին նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում պետք է շահագրգռված լինեն բոլորը՝ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը, եւ հատկապես Թուրքիան։ Սակայն, ըստ փորձագետի, դա կբախվի Ռուսաստանի դիմադրությանը, որը ձգտում է պահպանել իր ազդեցությունը Հայաստանում եւ թույլ չտալ Թուրքիային մեծ դեր կատարել Կովկասում, ինչը նրա համար առաջնահերթ խնդիր է։