Հնդկաստանում հայր ու որդի ավելի քան 200 հազար դոլարի խարդախություն են կատարել՝ բիզնեսմենին համոզելով, որ զբաղվում են «մոգական» պղնձե թիթեղների մշակմամբ, որոնք NASA-ին միլիոն դոլարով կվաճառվեն, փոխանցում է AFP-ն:
Նախօրեին ոստիկանները ձերբակալել են «տիեզերական» արծաթե հանդերձանքով խարդախ զույգի: Պարզվել է, որ երկուսն էլ անցնում էին խարդախության մեկ այլ գործով: Նրանք գրավով ազատ էին արձակվել այն բանից հետո, երբ բռնվել էին «բուժական հատկություններով» օձեր վաճառելու փորձի ժամանակ, ըստ որում՝ սողուններից յուրաքանչյուրը արժեր 25 հազար դոլարից ավելի: Խարդախները չեն հանդարտվել եւ որոշել են խաբել պարզամիտներին՝ պնդելով, որ հատուկ պղնձե թիթեղներ են մշակում, որոնք կարող են էլեկտրականություն արտադրել «ամպրոպի հարվածից»: Նրանք պնդել են, որ այդ թիթեղները միլիոնավոր դոլարներով կվաճառվեն NASA-ին եւ հնդկական տիեզերական գործակալությանը՝ «հետազոտության» համար փող կորզելով:
Ոստիկանության կարծիքով՝ խարդախների զոհն են դարձել ավելի քան 30 մարդիկ: Սակայն նրանց մասին հայտնել է Նյու Դելիից բիզնեսմենը, որը «հետազոտության» համար 200 հազար դոլար է հատկացրել: Կասկածները նրան սկսել են տանջել, երբ խոստացած «հետազոտությունները» հետաձգվել են եղանակային վատ պայմանների պատճառով: Արդյունքում՝ ձեռնարկատերը ոստիկանություն է դիմել:





























