Երկրում ստեղծված իրավիճակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով հանգուցալուծելու հարցը Հանրապետական խմբակցության օրակարգում դեռեւս չկա: ՀՀԿ խմբակցությունից վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ աշխատանքային հարաբերություններ են լինելու, ոչ թե թշնամական: ՀՀԿ խոսնակ, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ չեն պատրաստվում արհեստական խոչընդոտներ ստեղծել Փաշինյանի ղեկավարած կառավարության համար:

Հիշեցնենք, որ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությանն անդրադարձել է ՀՀ հիմնադիր նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ համարելով, որ երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը փոփոխված Ընտրական օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:

Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ են սահմանադրական հիմքեր:

«Արտահերթ ընտրությունները որեւէ մեկի մոտեցմամբ չի լինելու: Դրա համար անհրաժեշտ են իրավական եւ սահմանադրական հիմքեր, ինչպես նաեւ քաղաքական հիմքեր: Այս պահին դեռեւս ոչինչ ակնհայտ չէ»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ասաց, թե այն տեսնելուց հետո կհայտարարեն՝ ինչպես են քվեարկելու: «Փաշինյանի կառավարության աշխատանքը մենք արհեստական չենք խոչընդոտելու, կլինեն աշխատանքային հարաբերություններ: Կքննադատենք այնտեղ, որտեղ կհակասի պետության շահին եւ անվտանգությանը, չենք խոչընդոտի այնտեղ, որտեղ կսպասարկեն պետության շահը»,- ասել է Շարմազանովը:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունը Ազգային ժողովում լինելու է ընդդիմադիր մեծամասնություն, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն կարող է տապալել կառավարության ներկայացրած փոփոխությունները՝ դեմ քվեարկելով դրանց: Իրավիճակի հանգուցալուծումը համարվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Իսկ Ազգային ժողովի արձակումը հնարավոր է այն դեպքում, եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: