Գվատեմալան Շվեդիայի եւ Վենեսուելայի դեսպաններին խնդրել է երկրից հեռանալ՝ նրանց մեղադրելով իր ներքին գործերին միջամտելու մեջ, փոխանցում է AP-ն:
Կառավարության հայտարարության մեջ նշված է, որ Գվատեմալան ցանկանում է, որպեսզի Շվեդիայի դեսպան Անդերս Կոմպասը եւ վենեսուելացի դիվանագետ Ելենա Ալիսիա Սալսեդոն հայրենիք վերադառնան:
Կոմպասը հայտնի դիվանագետ է ու իրավապաշտպան: Մի քանի օր առաջ նա հայտարարել էր ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող Գվատեմալայում կոռուպցիայի հետաքննության հանձնաժողովին Շվեդիայի ֆինանսական աջակցության մասին:
Հանձնաժողովը Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսին մեղադրել է կոռուպցիայի մեջ՝ կապված մի ընկերության ենթադրյալ ապօրինի ֆինանսավորման հետ, երբ եղել է իր կուսակցության գլխավոր քարտուղարը:





























