ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը մայիսի 10-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ներկայացրել է Հայաստանում վերջին զարգացումների ընթացքը:
Նա տեղեկացրել է, որ Հայաստանի Սահմանադրության համապատասխան՝ մայիսի 8-ին ԱԺ-ի կողմից հրավիրված հատուկ նիստում ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում փոփոխությունները տեղի են ունեցել խաղաղ ճանապարհով, ՀՀ սահմանադրության եւ օրենքներին համաձայն: Այս համատեքստում նշվեց, որ Հայաստանը հավատարիմ է եղել ԵԱՀԿ բոլոր հանձնառություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների եւ խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը:
Արման Կիրակոսյանը շեշտել է, որ մայիսի 8-ի ընտրությունները փաստում են, որ վերոնշյալ հիմնարար ազատություններից բացի՝ Հայաստանի իշխանություններն ու քաղաքացիները հարգել եւ իրականացրել են կարեւորագույն իրավունքներից մեկը` կառավարություն ձեւավորելու ժողովրդի իրավունքը: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ այս մարտահրավերից Հայաստանը դուրս է եկել ժողովրդավարության, լավ կառավարման եւ մարդու իրավունքների պահպանման ու զարգացման շուրջ հասարակական հստակ համաձայնությամբ, որն է՛լ ավելի է ամրապնդում արտաքին քաղաքականության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ առկա կոնսենսուսը:
Հայաստանի նոր վարչապետի ընտրության առիթով շնորհավորական ելույթներով հանդես են եկել ԵԱՀԿ-ում ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի ներկայացուցիչները: Նրանք հավաստել են Հայաստանին եւ հայ ժողովրդին իրենց երկրների անվերապահ աջակցությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել զարգացնել ու խորացնել Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը:





























