Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը վաճառքի՞ են հանել: Հենց նման եզրակացության կարելի է գալ՝ զրուցելով համալսարանի աշխատակիցների հետ, որոնք, հասկանալի պատճառներով ցանկացել են անանուն մնալ:
Այսպես, ըստ աղբյուրների, բուժհամալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանը ժամանակին ահռելի վարկեր է վերցրել համալսարանի վերանորոգման եւ տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու համար, սակայն, երբ եկել է հաշիվները փակելու ժամանակը, պարզվել է, որ ռեկտոր Քյալյանն «ի վիճակի չէ» անել դա եւ «ստիպված է» վարկերի մարման համար վաճառել համալսարանի գույքը, այսինքն քաղաքի կենտրոնում գտնվող մասնաշենքերը:
Ըստ աղբյուրների՝ արդեն վաճառվել է ատամնաբուժական առաջին կլինիկայի շենքը, որը գտնվում է բժշկական համալսարանի հաշվեկշռում, եւ որտեղ գտնվում էր ատամնաբուժության ամբիոնը: Շենքը գտնվում է Երեւանի կենտրոնում, Շիրվանզադե փողոցի վրա:
Աղբյուրները դժվարացան հայտնել գործարքի հստակ արժեքը կամ գնորդի անունը, բայց ասացին, որ առաջիկայում ամբիոնը տեղափոխվելու է նոր շենք, սակայն ծայրամասում՝ Մուրացան փողոցում: Բարդ չէ գուշակել, թե որքան շահավետ գործարք է եղել, քանի որ Երեւանի կենտրոնում մեծ տարածքը համեղ եւ թանկարժեք պատառ է: Ի դեպ, արդեն երկար ժամանակ շշուկներ են տարածվում, թե Աբովյան փողոցի վրա գտնվող բուժհաստատությունները եւս կարող են վաճառքի հանվել: Առաջին կլինիկական հիվանդանոցի աշխատակիցների խոսքով, շենքը միտումնավոր, տարիներ շարունակ չի վերանորոգվում եւ գտնվում է բարձիթողի վիճակում, քանի որ դրա վրա եւս շատ աչքեր կան:
Եթե իսկապես իրականությանը համապատասխանում է տեղեկությունը, որ Գոհար Քյալյանը մեծ վարկեր է վերցրել բժշկական համալսարանի վերանորոգման համար, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ են այդ գումարները հասել նման ահռելի չափերի, որ արդյունքում հնարավոր չի եղել մարել վարկերը: Ռեկտորը կարող էր իր ուժերի ներածին չափով վարկեր վերցնել եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնել՝ օգնության համար դիմելով իր ամուսնուն՝ Սամվել Մայրապետյանին, ով զբաղվում է շինարարական բիզնեսով: Այդ դեպքում նրան կհաջողվեր տնտեսել զգալի միջոցներ:
Ընդհանրապես անհասկանալի է այս ողջ պատմության տրամաբանությունը: Ստացվում է, որ մի մասնաշենքի վերանորոգման համար բժշկական համալսարանը պետք է զրկվի մնացած մասնաշենքերից:




























