Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համաձայն չէ կարծիքին, թե Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների: Այդ մասին հունվարի 19-ին հայտարարել է ինքը՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ կանխատեսելով ներքաղաքական գործընթացների հեռանկարները:

Քաղաքագետի կարծիքով, մինչ ընտրությունները դեռ շատ ժամանակ կա եւ քաղաքական ուժերին դեռ վաղ է նախընտրական ռազմավարություններ մշակել:

Այն ուժերը, որոնք այսքան վաղ նախընտրական արշավ սկսեն, ֆալսստարտ կանեն: «Բայց տարվա ընթացքում, իհարկե, Հայաստանի քաղաքական ուժերը կպատրաստվեն խորհրդարանական ընտրություններին: Դա, ակնհայտ կերպով, կանի արտախորհրդարանական ընդդիմությունը՝ Հայ ազգային կոնգրեսը, դա կանի նաեւ խորհրդարանական կոալիցիան»,- նկատել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ լուրջ վերադասավորումներ հնարավոր են միայն տարվա երկրորդ կեսին:

Քաղաքագետն անդրադարձել է նաեւ վերջին կադրային փոփոխություններին՝ նկատելով, որ ներկայումս գլխավոր հարցը մնում է՝ արդյոք կադրային հեղափոխություն կլինի՞ կառավարող վերնախավում, թե՝ ոչ: