Մայիսի 12-ին Իտալիայի Ասսիզի քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին տրվել է ֆրանցիսկանցիների «Խաղաղության լամպար» շքանշանը, հաղորդում է DW-ն:

Գերմանիայում եւ Եվրոպայում Մերկելը «ժողովուրդների խաղաղ գոյակցության համար առանձնացել է հաշտեցման գործընթացում իր ներդրումով»,  նշել է  վանքի գլխավոր քահանա Մաուրո Գամբետին:

Մերկելին շքանշանը հանձնել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը, որը «Խաղաղության լամպարին» արժանացել էր 2016 թվականին՝ երկրի իշխանությունների եւ FARC զինյալների միջեւ հակամարտության կարգավորման գործում մեծ ներդրման համար: Արարողության ավարտից հետո Մերկելը եւ Սանտոսը երկկողմ բանակցություններ են անցկացրել` քննարկելով Կոլումբիայում տիրող իրավիճակը:

Արարողությանը ելույթ ունենալով՝ Մերկելը նշել է, որ խաղաղության ուղին կախված չէ հավատքից կամ կրոնից, եւ հաճախ պահանջում է մեծ ջանք եւ համբերություն: Կանցլերը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի «Եվրոպային միասնական հոգի վերադարձնել», որի համար, ըստ նրա, անհրաժեշտ է «նայել ազգային սահմաններից վեր»: Մերկելը խոստացել է, որ Սանտոսի օրինակով «Խաղաղության լամպարը» կդնի իր աշխատասեղանին: