Եվրոպայի համար կարեւոր է մկանները ցույց տալը, չսպասելն ու չվախենալը։ Այս մասին մայիսի 12-ին՝ «Ո՞րն է ձեր Եվրոպան» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը։
Համաժողովը Եվրոպայի օրերի շրջանակներում կազմակերպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
«Մենք մտածեցինք ոչ թե համերգ կամ ցուցահանդես կազմակերպել, այլ քննարկումներում ներգրավվել երիտասարդներին, լսել նրանց կարծիքը Եվրամիության ապագայի մասին եւ նպաստել, որ Հայաստանը միանա Եվրոպայում արդեն տեղի ունեցող քաղաքացիական քննարկումներին»,-նշեց նա։
«Եվրոպական միությունը հաջողության պատմություն է, բայց մենք բախվել ենք Բրեքսիթին, իսկ եվրոպական երկրներում պոպուլիզմն է տեղ գտել, Եվրոպան սպառնալիքի տակ է։ Ուստի կարեւոր է հասկանալ՝ ինչն է սխալ, ինչ են մարդիկ սպասում Եվրոպայից։ Այսօր Եվրոպայում ընտրություններին մասնակցությունը շատ ցածր է։ Մարդիկ քննադատում են, բայց միաժամանակ սպասում են, որ Եվրոպան պետք է պաշտպանի իրենց անձնական տվյալները, շրջակա միջավայրը, սննդի անվտանգությունը, որոնք այլեւս չեն կարող լուծվել ազգային մակարդակում»,-հավելեց դեսպանը։
Լաքոթը, մեջբերելով Մակրոնին ելույթը Աախենում, շեշտեց, որ Եվրոպայի համար կարեւոր է իր մկանները ցույց տալ, չսպասել ու չվախենալ, քանի որ աշխարհակարգի կայունությունը մեծամպես հիմա կախված է ԵՄ-ից»,-եզրափակեց Լաքոտը։
Էմանուել Մակրոնը Եվրախորհրդարանում նախաձեռնել է Եվրոպայի վերաբերյալ քաղաքացիական խորհրդակցություններ, որոնք նպատակ ունենան ծանոթանալ քաղաքացիների առաջարկներին՝ Եվրոպայի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:





























