«Եթե իշխանությունները մինչեւ փետրվարի 28-ը զիջումների չգնան, մենք արտահերթ ընտրությունններ ենք հայտարարելու եւ «ոչ» ենք ասելու այս իշխանություններին»,- հունվարի 19-ին Մատենադարանի առջեւ կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ, «ԱԼՄ Հոլդինգի» տնօրեն Տիգրան Կարապետյանը:
Նա նշել է, որ եթե ժողովուրդը կամենա, կարող է շատ բան փոխել: «Ժողովուրդը կարող է սարեր շուռ տալ, միայն թե անհրաժեշտ է տղայավարի կանգնի: Ես ժողովրդի մի կտորն եմ, կայարանցի տղա եմ, մինչեւ կյանքիս վերջ չեմ մանրվի, չեմ խուրդվի: Պատրաստ եմ հալածվել ու մեռնել ձեզ համար»,-նշել է Կարապետյանն ու հավելել, որ դա ասում է հավաքվածների «դաբրոն» ունենալով:
«ԱԼՄ Հոլդինգի» տնօրենը պահանջել է իշխանություններից վերադարձնել ժողովրդի ավանդները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, թոշակներն ու նպաստները:
«Հերիք եղավ, բոլ եղավ, եթե իշխանությունները փող են ուզում, թող գնան ուրիշ տեղից աշխատեն: Հայաստանը խոպան չի եւ մենք էլ ստրուկ չենք: Մենք պետք է ասենք, որ չենք հաշտվում առկա խնդիրների հետ եւ ելքը տեսնում ենք իշխանափոխության մեջ»,-հանրահավաքի ժամանակ ասաց Կարապետյանը` հավելելով, որ իրենց մոտեցումներում վճռական են լինելու եւ այլեւս թույլ չեն տալու տարբեր կուսակցությունների շահարկել իր եւ Ժողովրդական կուսակցության անունը:




























