Թուրքիայի, Իրանի, Սիրիայի եւ Եվրոպական երկրների պայքարը քրդական PKK-ի դեմ ներքին խառնաշփոթ է առաջացրել այդ կազմակերպության ներսում։ Վերջերս PKK-ի դրամական միջոցները գողանալու համար սպանվել են PKK-ի երեք անդամներ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը։

Քրդական PKK-ի ներսում վերջին շրջանում շատացել են ներքին հակասությունները կապված զենքերը վայր դնելու հետ։ Այդ կազմակերպության որոշ անդամներ՝ անհանգստանալով, որ կազմակերպությունը կլուծարվի, աշխատում են հեռանալ Եվրոպա։

Թուրքական անվտանգության ուժերի տեղեկությունների համաձայն, «Դիարբեքիրի պատասխանատու» եւ «Զիյա» ծածկանունը կրող Էնգին Չաթաքը, նրա տեղակալ «Զինար» ծածկանունով Օմեր Քըլըչը եւ կազմակերպության նյութական տեղաբաշխումների գծով ղեկավար «Յուսուֆ» ծածկանունը կրող Ասլան Քալքանը PKK-ին պատկանող 900 հազար թուրքական լիրան (600 հազար ԱՄՆ դոլար) վերցնելով՝ փախել են։ Նրանք Վանից անցել են Իրան՝ փորձելով այնտեղից փախչել Եվրոպա։ Սակայն «Նուման» ծածկանունով Մեհմեդ Դաղի ենթակայության տակ գտնվող զինյալների կողմից երեքն էլ բռնվել են եւ սպանվել։

PKK-ի ղեկավարներից Մուսթաֆա Քարասուի հայտարարության համաձայն, վերջին մեկ ամսվա մեջ Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի կողմից PKK-ի դեմ իրականացվող ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 56 անդամ։ Միեւնույն ժամանակ PKK-ից փախել է 23 հոգի։ Իսկ թուրքական զինված ուժերի կողմից սեպտեմբերի 8-ից PKK-ի դեմ սկսված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել են PKK-ի 8 անդամներ։