ԵՄ-ն Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի կապակցությամբ մարդկային զոհերի թվի աճից խուսափելու համար զսպվածության կոչ է անում: Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ակնկալում ենք, որ բոլորը կգործեն առավելագույն զսպվածությամբ, որպեսզի խուսափեն հետագա մարդկային մահերից»,նշվում է հայտարարության մեջ:

«Իսրայելը պետք է հարգի խաղաղ բողոքների եւ ուժի կիրառման համաչափության սկզբունքը: ՀԱՄԱՍ-ը եւ Գազայում ցուցարարները պետք է ապահովեն, որ ակցիաները բռնի չլինեն եւ չօգտագործվեն այլ միջոցների համար», - հավելել է Մոգերինին:

Երկուշաբթի Գազայի հատվածի սահմաններում Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ բողոքի ակցիաներ սկսվեցին: Գազայի հատվածից ստացված տվյալների համաձայն՝ իսրայելական զինվորների հետ բախումների հետեւանքով առնվազն 50 պաղեստինցի է սպանվել, 2000-ը վիրավորվել: