Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը երկուշաբթի իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասնակիցներին է դիմել՝ կոչ անելով ջանքեր գործադրել իրավիճակի էսկալացիան կանխելու համար: Այս մասին ասվում է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ֆրանսիան բոլոր կողմերին կոչ է անում պատասխանատվություն ցուցաբերել եւ կանխել նոր էսկալացիան», - ասել է Լե Դրիանը: Նա ընդգծել է, որ Փարիզը «հավանություն չի տալիս» դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի որոշմանը, քանի որ դա «հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Գլխավոր Ասամբլեայի համապատասխան բանաձեւերին»:

 «Ֆրանսիան կրկին Իսրայելի իշխանություններին կոչ է անում խոհեմություն եւ զսպվածություն ցուցաբերել ուժի կիրառման հարցում, որը պետք է լինի խիստ համաչափ», - ասել է Լե Դրիանը: