ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  բնակավայրերի կանաչ գոտիների տեսակային կազմի ընտրության հիմնական սկզբունքները եւ էտի իրականացման մեթոդական ցուցումները սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակող աշխատանքային խմբի հերթական քննարկումը։

Նախարարությունից  NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթղթի մշակման գործընթաց սկսելու համար հիմք է հանդիսացել հասարակության կողմից պարբերաբար հնչող ահազանգերն այն մասին, որ համայնքային իշխանությունները ծառերի էտն իրականացնում են սեփական հայեցողությամբ եւ շատ դեպքերում չափից շատ խորը։

Մշակվող որոշմամբ կանոնակարգվելու է  բնակավայրերում ծառերի ու թփերի էտի իրականացման մեթոդիկան, որով սահմանվելու է նաեւ յուրաքանչյուր բնակավայրի համար էտի իրականացման առանձին կարգերի հաստատման դրույթը։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են մշակվող փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ մասնագիտացված գիտական կառույցներից ստացված կարծիքները եւ առաջարկները։

Խաչիկ Հակոբյանը, ամփոփելով աշխատանքային հանդիպումը, առաջարկել է հնչած դիտարկումների հիման վրա կատարել նախագծի լրամշակում եւ սեղմ ժամկետում այն շրջանառել շահագրգիռ գերատեսչությունների միջեւ։