Այսօր` սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման հիմնական թեման ղարաբաղյան հիմնախնդիրն է եղել և ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության` այդ ուղղությամբ կատարելիք աշխատանքը:
Կողմերը համոզմունք են հայտնել, որ միջազգային և տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում ավելի, քան երբևէ անհրաժեշտ է համատեղել ուժերը և միջազգային կառույցներում հանդես գալ փոխհամաձայնեցված դիրքորոշումներով: Պետք է կարողանալ միջազգային հանրությանը ներկայացնել ԼՂՀ-ում կատարվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և փաստարկել միջազգայն նորմերին համապատասխան նրա ժողովրդի` իր պատմական հողի վրա ապրելու արդարացի իրավունքը: Այդ քայլերը պետք է լինեն ոչ թե իրավիճակային, այլ նպատակասլաց ու հետևողական:



















