Հայաստանում դատավորների մեծ մասը վախենում է ինքնուրույն գործել եւ սպասում է հրահանգների: Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Հայրապետյանը պաշտպանում է Գեւորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի շահերը: Նրա խոսքով՝ դատավորները չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, եւ գործում են հին մեթոդներով, չգիտեն՝ ինչ անել:
«Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, ինչը նշանակում է, որ հին կարգերն այլեւս չեն գործում: Այն, որ խորհրդարանում քվեարկել են նրա օգտին, խոսում է այն մասին, որ իշխանությունները կիսում են դատական համակարգի խնդիրների առկայության մասին կարծիքը, որ համակարգն անցանկալիների հետ հաշվեհարդար տեսնելու գործիք էր: Իմ երեք պաշտպանյալները այդպիսինների թվում են»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ հայտարարված հանդուրժողականության, սիրո եւ խաղաղության մթնոլորտում դատական համակարգը պետք է վերադառնա օրենքի կարգին: «Ես ենթադրում եմ, որ դատարաններին հրահանգներ չեն տրվում, եւ նրանք չեն հասկանում՝ ինչ անել», - ասաց փաստաբանը՝ հավելելով, որ «Սասնա Ծռերի» գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը իրավիճակը յուրովի է ընկալել եւ որոշել է ընդհանրապես նիստ չանցկացնել:
«Գեւորգ Սաֆարյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում են այնպիսի գործողություններում, որոնցում Հայաստանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մասնակցել են մի քանի օր առաջ՝ անհնազանդության զանգվածային ցույցերին»,- հայտարարեց փաստաբանը՝ նշելով, որ Սաֆարյանի եւ Սեֆիլյանի գործերով բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան: «Հանրությունը պահանջում է Սաֆարյանի եւ Սեֆիլյանի ազատումը, իսկ դատավորները դեմագոգիայով են զբաղված»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ մոտ ապագայում անբարեխիղճ դատավորները «կկանգնեն այլ ատյանների առջեւ»:





























