Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակության հետ:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Շվեդիայի խորհրդարանի պատգամավորները շնորհավորել են Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ առաջիկա խնդիրները հաղթահարելու գործում ՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Փոխվարչապետ Գրիգորյանը վստահեցրել է հյուրերին, որ Հայաստանի կառավարությունն անում է եւ կանի ամեն հնարավորը երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու համար: Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստանի նորանշանակ կառավարության հրապարակայնության բարձր մակարդակը նպաստում է նաեւ գործունեության արդյունավետությանը:
Խորհրդարանի փոխխոսնակը գոհունակությամբ է խոսել Հայաստանում ժողովրդավարության բարձր մակարդակի վկայություն հանդիսացող վերջին իրադարձությունների մասին՝ առանձնահատուկ շեշտելով քաղաքական բոլոր կողմերի զսպվածությունն ու պատասխանատվության բարձր զգացումը: Բյորն Սյոդերը նշել է, որ Շվեդիան պատրաստակամ է այսուհետ եւս զարգացնել հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:




























