«ՀՅ Դաշնակցություն» խմբակցությունը հատուկ կարծիք է ներկայացրել ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի՝ այսօր ներկայացված զեկույցի վերաբերյալ:
Հանձնաժողովի դաշնակցական անդամներ Արտյուշա Շահբազյանն ու Արծվիկ Մինասյանը զեկույցին կցել են իրենց հատուկ կարծիքը՝ ներկայացնելով իրենց դիտողությունները: Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք դիտողություններ ունեն երեք հարցերի վերաբերյալ:
ա) մենք համակարծիք չենք այն միանշանակ գնահատականին, թե ոստիկանությունը մարտի 1-ին իրավաչափ է գործել` «որովհետեւ նախ, զեկույցում փաստված են այն դեպքերը, որ ոստիկանությունը առանձին դեպքերում դուրս է եկել օրենքի շրջանակներից: Սա արդեն հիմք է տալիս, որ ոստիկանության գործողությունները իրավաչափ չգնահատվեին: Իսկ երեկոյան արդեն ոստիկանության գործողությունները հանգեցրել են զոհերի»:
բ) ԵԽԽՎ 1677 բանաձեւն ասում է, որ հանձնաժողովի զեկույցը պետք է անդրադառնա հետաքննության անկողմնակալության եւ անաչառության չափանիշներին; Հստակ պետք է արձանագրել, որ այն բացթողումները որ եղել են հետաքննության եւ նախաքննության ընթացքում, հիմք չեն տալիս կարծելու, թե նախաքննական մարմնի գործողությունները արժանահավատ են ու վստահելի:
գ) քանի դեռ 10 մահվան հանգամանքները չեն, մեղավորները բացահայտված եւ պատասխանատվության ենթարկված չեն, անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ քննություն:
Ինչեւէ, այս ամենից հետո ՀՅԴ ներկայացուցիչները ստորագրել են զեկույցի տակ: «Ես շարժվել են ԱԺ կանոնակարգով, որ հանձնաժողովի անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք: Մենք համաձայն ենք մի շարք մոտեցումների հետ»,- իր քայլը մեկնաբանեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ խմբակցությունը եւս կողմ է քվեարկելու զեկույցին: Ի դեպ, նշենք, որ հանձնաժողովի երկու անդամ՝ ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանն ու ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը չեն ստորագրել զեկույցը: Վերջինս, NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, թե զեկույցին ծանոթ չի եղել, եւ այն միայն վերջին րոպեին են հրամցրել հանձնաժողովականներին:




























