Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Դեսպան Կասպրշիկը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացնել հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությունն ու բնույթը: Մասնավորապես, Դավիթ Տոնոյանն իր մտահոգություններն է հայտնել վերջին օրերին պետական սահմանի եւ շփման գծի որոշակի հատվածներում հակառակորդի գործողությունների աշխուժացման փորձերի կապակցությամբ, որի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել նաեւ ՊԲ զինծառայող Շամխալ Պետրոսյանը: Այս առումով պաշտպանության նախարարը կարեւորել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը՝ սադրանքներ թույլ չտալու եւ իրավիճակը չապակայունացնելու առումով:

Առողջություն մաղթելով հայ զինծառայողին, Անջեյ Կասպրշիկն իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ եւս առավելագույն ջանքեր գործադրել իր միջնորդական առաքելության մեջ:

Կողմերը քննարկել են նաեւ դեսպանի գրասենյակի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ համագործակցության հետ կապված եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: