2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովին ներկայացրեց իր զեկույցը:

Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կողմից ներկայացվող զեկույցից կարելի է եզրակացնել, որ 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերի համար հիմնական մեղավորը ընդդիմությունն է, որն սկսել է անկարգություններ, մեքենաների թալան ու հրկիզումներ, ինչպես նաեւ այդ ժամանակ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մտցրել է արտակարգ դրություն: Մանսավորապես ընդդիմությունը մեղադրվում է նրանում, որ ժողովրդական զանգվածներին մղել է իշխանությունների դեմ: Ըստ զեկույցի, ընդդիմությունն հոգեխանգարմունքի է հասցրել ժողովրդին, լայն զանգվածներին գրգռել է ընդդիմության առաջնորդներին ձերբակալությունների մասին լուրերով: Ս. Նիկոյանը նշում է, որ ընդդիմության շտաբում գիտեին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի հաղթել, սակայն քարոզչություն են իրականացրել զանգվածներին գրգռելու համար: Դրանից զատ, մի փոքր քննադատության են արժանանում նաեւ ոստիկանության գործողությունները, մասնավորապես առավոտյան Ազատության հրապարակում կատարած գործողությունների մասով, բայց վերջում եզրակացություն է արվում, որ ոստիկանության բոլոր գործողությունները եղել են իրավաչափ, որ Ազատության հրապարակում եղել է տեղանքի հետազոտության գործողություններ եւ միջոցառման իրավական հիմքերը բավարար են: Ընդ որում, ոստիկանությունը եղել է անզեն, առանց օժանդակ միջոցների: Այնինչ բոլորն են տեսել այդ կադրերը, որ ոստիկանների ձեռքին կային ոչ միայն վահաններ, մահակներ, այլ նաեւ փայտե ու մետաղե ձողեր:

Ըստ Նիկոյանի, ոստիկանության պնդմամբ ոստիկանության գործողությունն իրականացվել է առավոտյան ժամը 7-ին, սակայն իրականում այն սկսվել է 6:40-ին: Այնինչ ժամը 6-ին արդեն եղել են վիրավորներ, որն ապացուցվում է հանձնաժողովի ձեռքի տակ եղած փաստերով:

Հանձնաժողովի նախագահը հայտարարեց նաեւ, թե կա տեսանյութ, որ ոստիկաններն Ազատության հրապարակում հավաքվածներին նախապես զգուշացրել են, որ հրապարակը պետք է ազատել: Այնինչ հանձնաժողովի անդամներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նման փաստ կամ տեսանյութ ընդհանրապես գոյություն չունի: Հատկանշական է, որ նույն Նիկոյանը քիչ անց հերքեց իր իսկ պնդումը, հայտարարելով, որ ոստիկանության ձեռքի տակ եղած կադրերը ամբողջական չեն եւ նկարահանումը սկսվել է բախման պահից:

Ամենահետաքրքիրն այն է, որ զեկույցը գրեթե չի անդրադառնում 10 զոհերի մահվան հանգամանքերին, այնինչ դա էր հանձնաժողովի գլխավոր առաքելությունը:

Նշենք նաեւ, որ հանձնաժողովում Դաշնակցության ներկայացուցիչներ Արտյուշ Շահբազյանը եւ Արծվիկ Մինասյանը ներկայացրել են հատուկ կարծիք, սակայն զեկույցի եզրափակիչ մասում նշված են կցված փաստաթղթերը, որոնց շարքում չկա հիշատակում Դաշնակցության ներկայացուցիչների հատուկ կարծիքի մասին:

Շահբազյանը եւ Մինասյանը հատուկ կարծիքով անհամաձայնություն են արտահայտում հանձնաժողովի այն եզրակացության հետ կապված, համաձայն որի` ոստիկանության գործողությունները, ընդհանուր առմամբ, իրավաչափ եւ համաչափ էին: