Եթե Հայաստանը չլուծի քաղբանտարկյալների հարցը եւ եթե հաշվի չառնվեն ժողովրդի դժգոհությունները՝ կապված կոռուպցիայի, տնտեսության իրավիճակի բարելավման հետ, ապա պետք է աչքի առաջ ունենալ Թունիսի իրադարձությունները։ Հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։
«Սրանք բոլորն ավելի ներքին, քան արտաքին լուծման հարցեր են։ Քիչ դեպքեր են լինում, երբ վերոնշյալ հարցերը կարգավորվում են արտաքին ճնշումների ազդեցության տակ։ Իրական փոփոխությունները պետք է իրականացվեն հայաստանցիների կողմից, հայաստանցիների համար, այլ ոչ՝ եվրոպական ինչ-ինչ կազմակերպությունների կամ թոմասհամարբերգների ջանքերով։ Իսկ այդ փոփոխությունները կարող են իրականացվել միայն իշխանությունների հանդեպ պահանջներով եւ անհանդուրժողականությամբ»,- ասաց Կիրակոսյանը։
Վերադառնալով քաղբանտարկյալների ազատ արձակման հարցին՝ փորձագետը նշեց, որ իշխանությունների որոշումը՝ բացի «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանից եւ նախկին ազատամարտիկ Սասուն Միքայելյանից ազատ արձակել մնացած բոլոր քաղբանտարկյալներն, արդեն իսկ առաջադիմություն է՝ սեփական համոզմունքներից վեր կանգնելու դրական փորձ։
Նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություներից հետո բանտերում են պահվում 9 քաղբանտարկյալներ։ Այս օրերին Հայաստանում գտնվող ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հանդիպել է նրանցից Սասուն Միքայելյանի հետ, իսկ արդեն այսօր՝ հունվարի 20-ին կհանդիպի Նիկոլ Փաշինյանին։




























