Հայաստանի նախագահի՝ ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվելը ոչ մի կերպ չի ազդել Երեւանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունների վրա։ Հունվարի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը։

Իհարկե, նշեց դեսպանը, Հայաստանի նախագահի բացակայությունը գագաթաժողովի ժամանակ նկատելի էր, սակայն նրա՝ Լիսաբոն այցը, միեւնույն է, չէր փոխի ՆԱՏՕ-ի հռչակագրի տեքստը:

«Հայաստանի ղեկավարն ինքն է որոշումներ ընդունում, թե ինչպես հասնի Երեւանի համար այս կամ այն չափով կարեւոր դիվանագիտական խնդիրների լուծմանը»,- նկատեց Լոնսդեյլը։ Դեսպանը նաեւ հույս հայտնեց, որ ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները զարգացում կապրեն։ Նա ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն ոչ ոքի չի պարտադրում իր ձեւաչափը եւ չի ստիպում համագործակցել իր հետ։ Դեսպանը միաժամանակ նշեց, որ Դաշինքի դռները բաց են բոլոր այն պետություների առջեւ, որոնք ցանկանում են անդամակցել կազմակերպությանը։

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր մասնակցել 2010 թվականի նոյեմբերի 20-ին Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, քանի որ գագաթաժողովի հռչակագրի նախագծում ղարաբաղյան խնդրի շուրջ հայկական կողմի համար անընդունելի կետեր կային։