Իրականությանը չի համապատասխանում մամուլում տեղ գտած տեղեկությունը, թե Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 1 մլն եվրո գրանտ է ստացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ-ի գրասենյակից:
«Երեկ` հունվարի 20-ին, վերոնշյալ տեղեկատվությունը ճշտելու նպատակով ՄԻՊ գրասենյակ զանգահարած «Հայկական ժամանակ» թերթի լրագրողին հայտնել ենք, որ Եվրամիությունը 1 մլն եվրո տրամադրել է միայն ՄԻՊ-ի հետ համագործակցող Թվինինգ ծրագրի Ֆրանսիայի ու Իսպանիայի օմբուդսմեններին եւ այդ գումարը ծախսվել է Եվրամիության կողմից: ՄԻՊ գրասենյակը երբեք այդ գումարի տնօրինմանն առնչություն չի ունեցել: Ուզում ենք շեշտել, որ բացի Թվինինգ ծրագրից, ուրիշ 1 մլն եվրո արժողությամբ ծրագիր գոյություն չունի: Իսկ տվյալ ծրագրի վերաբերյալ տեղեկատվություններ մշտապես եղել են մեր տարեկան զեկույցներում»,- ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:
Օմբուդսմենի գրասենյակից նաեւ նշել են, որ լրագրողը կարող էր խնդրո առարկայի իսկությունը պարզել նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից:




























