Թերթն, անդրադառնալով Բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի կողմից իրականացված գործարքի վերաբերյալ NEWS.am-ի հրապարակմանը՝ լրացուցիչ տեղեկություններ է հաղորդել։

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Քյալյանն ահռելի վարկեր է վերցրել համալսարանի վերանորոգման եւ տեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու համար, սակայն, երբ եկել է հաշիվները փակելու ժամանակը, պարզվել է, որ ռեկտորն ի վիճակի չէ անել դա եւ ստիպված է եղել վարկերի մարման համար վաճառել համալսարանի գույքը, ասինքն՝ քաղաքի կենտրոնում գտնվող մասնաշենքը։

Ըստ թերթի՝ Քյալյանը համալսարանի գույքը գրավ է դրել իր ամուսնուն՝ Սամվել Մայրապետյանին պատկանող «Պրոմեթեյ» բանկում։ «Հայտնի է, որ բանկերն իրենք են գնահատում անշարժ գույքը, եւ հայտնի է նաեւ, գնահատում են շուկայական գներից ֆանտաստիկ ցածր գներով։ Ստացվում է՝ Քյալյանն ու Մայրապետյանը լավ էլ բիզնես նախագիծ են մշակել։ Համալսարանը չի փակի վարկը, շենքը չափազանց էժան գնով կանցնի բանկի տիրապետության տակ, վերջում էլ բանկը վաճառքի կհանի շենքը եւ ամուսիններով հետ կգնեն այն։ Բացառված չէ, որ մի օր էլ Մայրապետյանը որոշի, որ այդ տարածքում պետք է էլիտար կառուցել։ Համալսարանը կքանդի եւ վերջացավ։

Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հակադարձեց, թե դա պետական սեփականություն է, եւ այն չի կարող օտարվել պետությունից։ Այդ դեպքում՝ ինչպե՞ս է ստացվել, որ պետության սեփականությունը Քյալյանը սեփական ամուսնու բանկում գրավ է դրել։ Պարզվում է, որ այդպիսի հնարավորություն բուհին կարող է տալ բացառապես կառավարությունը, այսինքն՝ նման գործարքի համար պարտադիր կառավարության համապատասպան որոշում է պետք»,-նկատում է թերթը։