Ոստիկանությունն արձագանքել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության նախօրեին տարածած հաղորդագրությանը, ըստ որի, մի խումբ անձինք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական և ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները, իսկ ոստիկանությունը համարժեք քայլեր չի ձեռնարկում:
Ոստիկանության հայտարարությունում ասվում է.
«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը չի արձագանքում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության` իրենց ձեռնարկությունների աշխատանքը խոչընդոտող զանգվածային միջոցառումները կասեցնելու կոչերին:
Հայտնում ենք, որ մայիսի 18-ին նշված ՍՊԸ տնօրենը հաղորդում է տվել ոստիկանություն, որ նախորդ երկու օրերին Վարդենիսի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ փակել են Սոթքի ոսկու հանքի վարչական շենքի մուտքը, բաց հանք ու երկաթգիծ տանող ճանապարհները, ինչի հետևանքով խաթարվել է բնականոն աշխատանքը:
Նույն օրվանից ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի ծառայողները բացատրական աշխատանքներ են սկսել ցուցարարների հետ, ինչի շնորհիվ մայիսի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ճանապարհները բացվել են, և հանքի բնականոն աշխատանքը վերականգնվել է:
Հաղորդման հիման վրա հետաքննություն է կատարվում»:
Ավելի վաղ NEWS.am-ը հրապարակել էր «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ մայիսի 17-18-ը, ինչպես նաև մայիսի 22-ից մինչև այսօր մի խումբ անձինք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական և ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները և տեխնիկայի մուտքը դեպի վառելիքա-քսայուղային նյութերի կայան։ Նրանք փակել են նաև Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա։
«Բողոքողների իրական նպատակն այն է, որպեսզի «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ղեկավարությունը թույլատրի նրանց մուտքը հանքի տարածք՝ ոսկու անօրինական արդյունահանում իրականացնելու համար։
Ընկերության բնականոն աշխատանքին խանգարող իրավիճակը լուծելու վերաբերյալ Ընկերության բազմաթիվ դիմումները ՀՀ ոստիկանության վարչություն արդյունքներ չտվեցին։
Ոստիկանությունը իր անգործությունը բացատրում է նրանով, որ բողոքի ակցիաները խաղաղ բնույթ են կրում, և իրավապահ մարմինները իրավասու չեն տվյալ իրավիճակում որևէ բան ձեռնարկել», -ասված էր «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության հայտարարությունում:



























