«Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանը ինտեգրման բանակցություններն արդեն մեկնարկել են»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հայաստանի եվրոպական շարժում» կազմակերպության նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։ Նա հավելեց, որ ԵՄ-ի հետ նախնական պայմանավորվածությունները առավելապես տնտեսական բնույթ են կրում։ Նրա խոսքերով, բանակցային պրոցեսը, որն ավելի ճիշտ կլինի «չակերտավոր» բառով բնորոշել, եւ որը զուտ տեխնիկական բնույթ է կրում, հայտնի չէ, թե ե՞րբ վերջնականապես կբերի որեւէ համաձայնագրի կնքման։

Հարցին, թե, ամեն դեպքում, հնարավո՞ր է գա մի օր, երբ Հայաստանի ու ԵՄ հարաբերություններն այնքան զարգանան, որ երկրորդական պլան մղեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ մեր երկրի ունեցած հարաբերությունները, Վ. Ենգիբարյանը պատասխանեց, որ ոչինչ չի բացառվում, բայց քանի դեռ մեր երկրի հարաբերությունները ԵՄ-ի հետ սահմանափակվում են միայն ապրանքների ու մարդկանց տեղաշարժը հեշտացնող բանակցություններով՝ շրջանցելով քաղաքականությունը, վաղ է դրա մասին խոսելը։