Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում այսօր՝ հունվարի 21-ին տեղի է ունեցել հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ օլիմպիադայի կազմակերպման գաղափարը պատկանում է երկու երկրների ղեկավարներին, ովքեր ցանկություն են ունեցել խորացնել հարաբերությունները ոչ միայն  տնտեսական, քաղաքական, այլ նաեւ հումանիտար  համագործակցության ոլորտում, մասնավորապես ստեղծելով հնարավորություններ երիտասարդ սերունդների համար`  ծանոթանալ, շփվել,  աշխատել, ապրել  առողջ մրցապայքարում, փորձելով հարթել ճանապարհը դեպի ճշմարտություն:

«Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում պետություններից մեկը  փորձում է այլ պետություններին թելադրել սպառազինությունների մրցավազք, սակայն վստահ ենք, որ մեր տարածաշրջանի ապագան ոչ թե սպառազինությունների մրցավազքի մեջ է, այլ գիտելիքի առողջ մրցակցության»,- նշել է նախարարը:

Նա նաեւ ընդգծել է, որ օլիմպիադան կլինի շարունակական եւ երկու երկրները հաջորդաբար կհյուրընկալեն մասնակիցներին` ընդլայնելով նաեւ առարկաների ցանկը:

Վրաստանի պատվիրակության ղեկավար Ալուդա Գոգլիչիձեն, իր հերթին, նշել է, որ այս մրցույթը լուրջ հիմքեր է ստեղծում երկու երկրների աշակերտների միջեւ շփումների եւ բարեկամության խորացման համար:

Հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադան անցկացվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներից:

Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային մասնակցում են 30-ական աշակերտ, յուրաքանչյուր առարկայից տասական աշակերտ: Հայկական թիմում հանդես են գալիս ՀՀ տարբեր մարզերի աշակերտներ, իսկ վրացական թիմում ընդգրկված են նաեւ Վրաստանում ապրող, ազգությամբ հայ աշակերտներ:

Օլիմպիադայի կազմակերպմանն աջակցում են ԵՊՀ-ն, «Սինոփսիս» ընկերությունը եւ «Փյունիկ» բարեգործական  հիմնադրամը:

Հունվարի 23-ին կհրապարակվեն օլիմպիադայի արդյունքները, եւ հաղթողները կպարգեւատրվեն մեդալներով եւ պատվոգրերով: