Մալիից անօրինական միգրանտը կստանա Ֆրանսիայի քաղաքացիություն այն բանից հետո, երբ փրկել է 4-ամյա երեխային։ AFP–ին հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է 22-ամյա Մամուդ Հասամի հետ եւ նրան հերոս կոչել։
Հասամը հայտնի էր դարձել հանգստյան օրերին կատարած համարձակ քայլի համար, երբ տեսնելով պատշգամբից կախված 4-ամյա երեխային՝ փրկել էր նրան։
«Դուք օրինակ եք դարձել, քանի որ միլիոնավոր մարդիկ տեսել են ձեզ։ Եվ ճիշտ կլիներ, որ ազգը ձեզ շնորհակալություն հայտներ դրա համար»,–ասել է Մակրոնը՝ հավելելով, որ նրա իմիգրացիոն կարգավիճակը «կարգի կբերեն»։ Նա պարգեւատրել է Հասամին մեդալով եւ խիզախության պատվոգրով, ինչպես նաեւ առաջարկել է նրան միանալ ֆրանսիական հրշեջ ծառայությանը։
Նշենք, որ Մակրոնը կոշտ դիրքորոշում էր զբաղեցնում տնտեսական միգրանտների նկատմամբ։ Սակայն, նա նշել է, որ Հասամի «հերոսության բացառիկ գործողությունը» արդարացրել է «բացառիկ որոշումը»։





























