Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով այսօր երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը ներկա կգտնվի Վրաստանի գլխավոր դատախազությունում երկրի խորհրդարանի, կառավարության, Դատախազների միջազգային ասոցիացիայի, ինչպես նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվող՝  Վրաստանի դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված ընդունելությանը, ինչպես նաեւ Քվեմո Քարթլի մարզային դատախազության եւ Ռուսթավի շրջանային դատախազության նոր շենքի հանդիսավոր բացման արարողությանը եւ այլ միջոցառումներին:

Նախատեսվում է նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպումներ կունենա Վրաստանի, ինչպես նաեւ հանդիսավոր միջոցառումներին մասնակցող այլ երկրների գլխավոր դատախազների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։