Առկա է հայ-վրացական գործակցության մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Թբիլիսիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Նա, մասնավորապես, նշել է.
«Նախ եւ առաջ ուզում եմ ողջունել մեր հարգելի հյուրին, Հայաստանի վարչապետին, ով առաջին պաշտոնական այցով Վրաստանում է:
Խորհրդանշական է, որ Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը Վրաստան իրականացվեց հենց այն ժամանակ, երբ մենք համատեղ նշում ենք մեր հանրապետությունների անկախության հռչակման հարյուրամյա հոբելյանը: Երկու երկրների համար այս պատմական երեւույթը տեղի է ունեցել հենց մեր քաղաքում՝ Թբիլիսիում:
Օգտվելով առիթից՝ մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր երկու բարեկամ ժողովուրդներին անկախության հռչակման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:
100 տարի առաջ վրաց եւ հայ ժողովուրդները, անկախ բազմաթիվ մարտահրավերներից եւ բարդություններից, ցուցաբերեցին առանձնահատուկ մարտունակություն եւ զարգացման ժողովրդավարական ուղու նկատմամբ իրենց նկրտումը: Վրաստանին եւ Հայաստանին միմյանց են կապում բազմադարյա բարիդրացիական ավանդույթներ, ինչն արտացոլվել է այսօրվա գործընկերային համագործակցության մեջ:
Խորհրդային միության փլուզումից հետո վերականգնելով անկախությունը՝ մենք կարողացանք զարգացնել փոխշահավետ համագործակցություն՝ հիմնված փոխադարձ վստահության վրա: Հայաստանի կայունությունը եւ ժողովրդավարական զարգացումն անչափ կարեւոր է Վրաստանի համար, եւ հենց այդ պատճառով էլ Վրաստանում մեծ ուշադրությամբ էին հետեւում բարեկամ Հայաստանում վերջին ժամանակներս տեղի ունեցած իրադարձություններին, երբ հայ ժողովուրդն ողջ աշխարհին ցույց տվեց միասնության եւ ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը:
Օգտվում եմ առիթից եւ շնորհավորում իմ թանկագին հյուրին՝ այս պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Հարգելի վարչապետ, մեկ անգամ եւս հավաստում եմ Վրաստանի կառավարության եւ անձամբ իմ պատրաստակամությունն ապագա արդյունավետ համագործակցության հարցում: Այսօր մենք քննարկեցինք բոլոր հիմնական ուղղությունները, ընդգծեցինք մեր ձգտումները՝ ունենալու ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Շոշափեցինք նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ընդգծեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր: Չնայած արդեն առկա ինտենսիվ համագործակցությանը՝ առկա է գործակցության մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով:
Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք նաեւ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարեցինք տարածաշրջանում գոյություն ունեցող մարտահրավերներին եւ ընդգծեցինք տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության կարեւորությունը: Շոշափել ենք նաեւ մեր երկու երկրների գերատեսչությունների միջեւ հարաբերությունների խորացումը, ինչպես նաեւ կարեւորել տնտեսական համագործակցության հանձնաժողովի գործունեությանը, նոր աշխատանքային խմբերի ստեղծմանն ուղղված հարցեր: Առաջիկայում կանցկացվի վերը նշված հանձնաժողովի նիստ, առանձնացրել ենք այն հիմնական ուղղությունները, որոնց նկատմամբ հանձնաժողովը պետք է կենտրոնացնի ուշադրությունը:
Համաձայնության եկանք այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա կկառուցվի ապագա աշխատանքի օրակարգը: Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը կայցելի նաեւ հարավային Վրաստան, որտեղ հանդիպումներ կունենա տեղի բնակչության հետ: Վրաստանի հայ քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են երկրի կառուցման գործում, ինչը բազմազգ Վրաստանի միասնականության հստակ փաստն է: Վրաստանի բնակչությունն, անկախ ազգային պատկանելությունից, ծառայում է ընդհանուր նպատակին՝ Վրաստանի հզորացմանը, տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը: Վերջում եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջն այցելության, անկեղծ զրույցի համար եւ հայտնում իմ պատրաստակամությունն ապագա համագործակցության համար:
































