Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի այցը Բաքու և ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների զարգացման դինամիկան պատահական զուգադիպություն չեն։ Այսպես, «Էթնոգլոբուս» կայքը նշում է, որ « իսրայելական քաղաքական տեխնոլոգիաները մանրազնին ու նպատակաուղղված կերպով աշխատել են Ադրբեջանի հետ պաշտոնական շփումների ամրապնդման վրա… քիչ ջանք չի գործադրվել Արևմուտքում հրեական կազմակերպությունների կողմից, որոնք Ադրբեջանի շահերի լոբբինգի դիմաց պայման էին դրել Իսրայելի հետ պաշտոնական շփումներ հաստատելը և Երուսաղեմում Ադրբեջանի դեսպանատուն բացելը»։

Ինչպես հայտարարել է ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը, իսկապես, Իսրայելը լրջորեն ամրապնդվում է Կովկասում, ընդ որում այդ գործընթացը համակողմանի բնույթ է կրում։ «Հիշենք թեկուզ իսրայելցի մասնագետների դերակատարությունը Հարավային Օսիայի վրա հարձակվելու նախօրեին վրացական բանակի նախապատրաստման գործում կամ էլ „չերքեզական“ խնդրի հանդեպ անսպասելիորեն ծագած հետաքրքրությունը։ Դեռևս դժվար է հասկանալ, թե որքանով է Իսրայելը իր սեփական խաղը վարում Կովկասում, իսկ որքանով հանդես գալիս որպես մեկ ուրիշի՝ շատ ավելի հզոր պետության գործակալը, ով չի հրաժարվել և՜ Ռուսաստանի, և՜ Իրանի ապակայունացման շուրջ իր ծրագրերից»,- շարունակել է փորձագետը։

Պարզամտություն կլիներ ենթադրելը, թե Բաքվի ու Թել Ավիվի շփումների աշխուժացումը, որը սկիզբ է առել ոչ երեկ և ոչ էլ այսօր, գաղտնիք է հենց նույն Իրանի կամ արաբական պետությունների դիվանագիտության համար։ Ըստ ամենայնի, «մահմեդական համերաշխությանն» ուղղված կարգախոսներն ու կոչերը հազիվ թե կարողանան թյուրիմացության մեջ գցել որևէ մեկին։ «Եթե մեր գործընկերներն ու բարեկամները խնդիրներ ունեն իրար մեջ, ապա մենք միշտ ելնում ենք այն բանից, որ Ադրբեջանը չպետք է դառնա այն վայրը, որտեղ նրանք պարզելու են իրենց հարաբերությունները»,- ասում են Ադրբեջանում։ Սակայն իրադարձությունների հետագա ընթացքը կախված է շատ գործոններից, այդ թվում և Կովկասում ազդեցության համար մրցակցող «գործընկերների» ու «բարեկամների» ազգային շահերի անհամատեղելիության աստիճանից, և այդ պատճառով էլ հնարավոր են տարբեր զարգացումներ։

«Միաժամանակ հասկանալի է դառնում ամերիկա-իսրայելյան, „իսլամական“ և ռուսական ուղղություններով գործելու ադրբեջանական դիվանագիտության ձգտումը, սակայն նման գերագնահատված բազմաբևեռությունը հազիվ թե հանգեցնի դրական արդյունքների, ավելի շուտ հակառակը՝ փոխադարձ անվստահություն կծնի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու համար Բաքվին անհրաժեշտ է վերջ տալ ռազմատենչ քարոզչությանը և ուղղակի ու բաց երկխոսություն սկսել Ստեփանակերտի հետ»,- հայտարարել է Անդրեյ Արեշևը։