Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին իրապես ներծծված է հայ եւ վրացի ժողովուրդների համատեղ պատմության էներգիայով։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված ընդունելությանը:
«Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին իրապես ներծծված է մեր ժողովուրդների համատեղ պատմության էներգիայով: Մեր ժողովուրդներն արմատներով են կապված միմյանց, եւ այդ արմատներն այնքան ամուր են, որ մենք այսօր պարտավորություն ունենք պատմության առաջ կերտել մեր համատեղ հզոր, երջանիկ եւ ազատ ապագան: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմությունն իրապես ոգու հաղթանակի պատմություն է, որովհետեւ քաղաքական գործունեության մեջ, ընդհանրապես կյանքում ամեն օր մենք բախվում ենք հետեւյալ խնդրի առաջ. կա ուղղություն մտածողության, որ փորձում է ամեն ինչ հաշվել, կշռել, կշռադատել, դնել կշեռքի տարբեր նժարներին, ծանր ու թեթեւ անել, եւ կա մտածողության մի մոդել, որն ավելի շատ ոչ թե հաշվում է, այլ զգում: Մեր պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, մարդկության պատմությունը ցույց է տվել, որ, այնուամենայնիվ, ոգին ավելի ծանրակշիռ է քան նյութը, սերն ավելի ծանրակշիռ է քան հաշվարկը, անկեղծությունն ավելի ծանրակշիռ է քան ճարպկությունը: Եվ սա է մեր ժողովուրդների ապրելու առաջնային բանաձեւը, որովհետեւ մենք կարողացել ենք հաղթել այնտեղ, որտեղ թվում է, թե չունենք ոչ մի հնարավորություն եւ մենք, ցավոք սրտի, հաճախ կարողացել ենք պարտվել այնտեղ, որտեղ թվում է, թե չունեինք պարտվելու ոչ մի հնարավորություն: Մեր Առաջին Հանրապետությունը, կարծում եմ, առաջին հերթին իսկապես ոգու հաղթանակ է, եւ այդ հաղթանակի ոգին է, որ մեզ կարողացել է հազարամյակներ շարունակ ապրեցնել աղետների, ցեղասպանությունների, պատերազմների հորձանուտում:
Եվ մեր այսօրվա Հայաստանն առաջին հերթին ոգու, սիրո, համերաշխության եւ գաղափարի պետություն է, այդպիսին է այսօր եւ այդպիսին պետք է շարունակի մնալ ընդմիշտ, որովհետեւ նյութականը կարելի է ջարդել, կոտրել, ոչնչացնել, իսկ այն, ինչ կապված է ոգու հետ, մտքի հետ, անջարդելի է, անկոտրելի է, անհաղթահարելի է: Եվ ես ուզում եմ, որ այս ոգին, այս ոգեղենը, այլ ոչ թե մերկանտիլ հաշվարկը լինի հայ-վրացական հարաբերություններում: Եվ մենք հենց այդ ոգու եւ ոգեղենի վրա պետք է կառուցենք մեր հարաբերությունները մեր հարեւան եւ եղբայրական երկրի հետ: Մեր համատեղ ոգեղենը պետք է հաղթի եւ մեր ժողովուրդներն իրենց համատեղ հարեւանության մեջ պետք է նորանոր հաղթանակներ կերտեն եւ պետք է կերտեն համատեղ երջանկություն խաղաղ, ազատ եւ երջանիկ այս տարածաշրջանում: Եվ այս տարածաշրջանը պետք է դառնա այդպիսին:
Շնորհավորում եմ մեզ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Շնորհավորում եմ եղբայրական վրաց ժողովրդին եւ կառավարությանն անկախության, պետականության վերականգնման 100-ամյակի կապակցությամբ: Շնորհավորում եմ բոլորիս, որ մենք դարավոր հորձանուտների միջով անցնելով հասել ենք ի վերջո այստեղ: Եվ ինչպես ասում են, հիմա արդեն մեր ճակատագիրը մեր ձեռքերում է, եւ մենք բաց չենք թողի մեր ճակատագիրը մեր ձեռքերից, մենք բաց չենք թողնի այս հնարավորությունը մեր ձեռքերից, որովհետեւ մենք հաղթել ենք, մենք հաղթում ենք եւ մենք հաղթելու ենք ապագայում: Եվ ուրեմն՝
Կեցցե՛ ազատությունը,
Կեցցե՛ հայ-վրացական բարեկամությունը,
Կեցցե՛ Վրաստան պետությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ հայրենիքում»,- նշել է վարչապետը։





























