Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանձնարարել է լրագրող Արկադի Բաբչենկոյի եւ նրա ընտանիքի շուրջօրյա պահպանությունն ապահովել, հաղորդում է «112 Ուկրաինան»:
Նախագահը նաեւ շնորհավորել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը կատարված գործողության կապակցությամբ: «Ես շնորհավորում եմ Ուկրաինայի անվտանգության ծառայությանը ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի կյանքը փրկելու համար փայլուն գործողություն կատարելու կապակցությամբ», - նշել է Պորոշենկոն:
Հիշեցնենք, որ երեկ, մայիսի 29-ին, հաղորդվեց, որ Կիեւում սպանվել է Արկադի Բաբչենկոն: Նրան իբրեւ թե սպանել էին սեփական բնակարանի շեմին: Ուկրաինայի ոստիկանությունը հանդես էր եկել վարկածով, որ լրագրողի սպանությունը կապված է նրա մասնագիտական գործունեության հետ: Հաջորդ օրը ՈՒԱԾ ղեկավար Վասիլի Գրիցակը հայտարարեց, որ Արկադի Բաբչենկոն ողջ է, բայց նրա սպանությունը պատվիրել էին Ռուսաստանի հատուկ ծառայությունները: Բացի այդ, հանցագործության կազմակերպիչը խոսել էր Ուկրաինայում 30 քաղաքացիների վերացման անհրաժեշտության մասին:





























