Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության Սկանդինավիայի հոգեւոր հովվության Մալմոյի եկեղեցական համայնքում մայիսի 26-ին տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:
Շվեդիայի հայ համայնքին ու հայ եկեղեցուն մատուցած ծառայությունների ու վաստակի բարձր գնահատանքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանին։
Մալմոյի հայ համայնքի ներկայությամբ մեծարյալի կերպարին, վաստակին ու գործունեությանն անդրադարձավ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Սկանդինավիայի փոխանորդ հոգեշնորհ Տ․ Եղիշե վարդապետ Ավետիսյանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը եւ շքանշանը:
Տիկին Իզաբել Դինգիզյանին ուղղված հայրապետական կոնդակում գրված է. «Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական սեր եւ օրհնություն ենք հղում Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր դստերդ։
Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական Պատվիրակի պաշտոնակատար հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանի միջոցով տեղյակ ենք Ձեր գործունեությանը։ Ուրախ ենք մեծապես, որ երկար տարիներ մասնակցություն բերելով Շվեդիայի քաղաքական կյանքում ընտրվեցիք խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում Ձեր օգտակար ծառայությունը բերելով երկրի զորացմանն ու առաջընթացին։
Հայրապետիս համար գոհունակություն է գնահատականքի խոսք ուղղել Ձեզ ազգային մեր իրավունքների պաշտպանության, ի մասնավորի Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված Ձեր ջանքերի համար։ Դուք հետեւողական աշխատանք իրականացրեցիք Շվեդիայի քաղաքական եւ հասարակական լայն շրջանակներում ներկայացնելով դարասկզբին մեր ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը եւ նպատակաուղղված ջանքերով հետամուտ լինելով երկրի խորհրդարանի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունմանը ... »:
Այնուհետեւ մեծարյալին շնորհվեց Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանը:
Շնորհաբաշխության ուրախալի առիթով տիկին Իզաբել Դինգիզյանին իր երախտագետ զգացումները փոխանցեց ներկաներին, անդրադարձավ իր ապրումներին` խոսելով Մայր Եկեղեցու կողմից գնահատվելու երջանկության, ինչպես նաեւ վերջին տասնամյակներին ժողովրդի կյանքում հոգեւոր կյանքի վերարթնության մասին: Տիկին Իզաբել Դինգիզյանը նաեւ վստահեցրեց, որ Դինգիզյան ընտանիքը պիտի շարունակի անբասիր ծառայել Սկանդինավիայի Հայոց Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին։
Հանդիսությունն ամփոփվեց հոգեշնորհ հայր Եղիշե վարդապետ Ավետիսյանի «Պահպանիչ» աղոթքով:



























