ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Վրաստան կատարած այցի շրջանակում հանդիպել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Շարվաշիձեին։
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների միջեւ բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության առկա վիճակի եւ հնարավորությունների վերաբերյալ հարցեր։
Նախարարն ընդգծել է բուհի Հայագիտության բաժնի կարեւորությունը եւ պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել։ Քննարկվել են նաեւ միջազգային եւ փոխանակումների ոլորտում համագործակցության մի շարք հնարավորություններ, մասնավորապես, ռեկտորը նշել է, որ ԹՊՀ-ն հնարավորություն ունի վերջերս միջազգային գործընկերների աջակցությամբ ներդրված ֆիզիկայի մագիստրատուրայի եւ մաթեմատիկայի PhD-ի շրջանակներում հայ ուսանողների համար հատուկ տեղեր սահմանել։




























