Բելառուսում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները դուր չեն գալիս Եվրախորհրդարանի պատգամավորներին, որոնցից մի քանիսը պատրաստվում են դիմել Եվրոպայի հեռարձակողների միությանը եւ պահանջել, որ Բելառուսին զրկեն «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու իրավունքից:

ԵՄ-ն որոշել է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ, ի պատասխան 2010 թվականի դեկտեմբերի 19-ին նախագահական ընտրություններից հետո Մինսկում ընդդիմության ցույցը ճնշելու իշխանությունների քայլի: Դրա հետ կապված Եվրախորհրդարանի ղեկավար Էժի Բուզեկն առաջարկել է զրկել Բելառուսին «Եվրատեսիլ»-ին մասնակցելու իրավունքից:

«Ես եւս մեկ առաջարկ ունեմ, բայց ոչ այս հանդիպման համար. Զրկել Բելառուսին միջազգային սպորտային միջոցառումներին մասնակցելու իրավունքից, ինչպիսիք են օրինակ Օլիմպիական խաղերը եւ աշխարհի առաջնությունները»,- հայտարարել է Բուզեկը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտակարգ նիստում:

Ի դեպ, Բելառուսը միակ եվրոպական երկիրն է, որտեղ «Եվրատեսիլի» նախապատրաստությունն ու մասնակցությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեի կողմից:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2011» մրցույթը կայանալու է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում՝ մայիսին: