Վրացական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ նախկին վարչապետ Զուրաբ Նողաjդելին, պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել, ուր խիստ քննադատության է ենթարկել Միխեիլ Սահակաշվիլուն։

«Ինչպե՞ս կարելի է պատերազմել այնպիսի առաջնորդի հետ, որը կանանց եւ երեխաների աչքի առջեւ վախվորած կռացավ՝ թշնամու ինքնաթիռի ձայնը լսելով։ Գորիում, լսելով մոտեցող ռուսական օդանավի ձայնը, Սահակաշվիլին միակն էր, ով վախից փախուստի դիմեց եւ ծնկի ընկավ։ Բոլոր կանայք, երեխաները եւ լրագրողները տեղերում կանգնած մնացին, իսկ նա փախավ…Այդպիսի առաջնորդ երկրին պետք չէ։ Ծնկի իջած՝ Վրաստանը չես կարող ղեկավարել»,- ասել է Նողաիդելին «Կոմերսանտ-Ուկրաինա» թերթին։

Նրա խոսքերով, այժմյան ընդդիմությունը չի պատրաստվում հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի Վրաստանի կազմ ընդգրկելու փորձերից։ «Սկզբում մենք պետք է աբխազներին ու օսներին դեմքով դեպի մեզ շրջենք, այնուհետեւ այդ տարածքները վերցնենք։ 2008թ-ի օգոստոսի 8-ից հետո, 5-10 տարիների ընթացքում կարեւորը մեզ համար լինելու է ոչ թե տարածքները վերադարձնելը, այլ հիշյալ տարածքների հետբերման առաջնահերթությունների պահպանումը։ Արտաքին քաղաքականության մեջ, անշուշտ, առաջնային է մնալու կողմնորոշումը դեպի Հյուսիս, նրա ժողովրդավարական արժեքները։ Առաջին իսկ օրվանից, սկսելու ենք վերականգնել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները։ Իհարկե, նախկին եղբայրական հարաբերություններին չենք կարող հասնել, բայց պետք է ձգտել փոխհարաբերությունների նորմալ զարգացման», պարզաբանել է Նոգաիդելին, հավելելով, թե «Ուկրաինան մեզ համար կարեւորագույն գործընկեր է։ Շնորհակալ ենք նրանից այն աջակցության համար, որը անընդմեջ ստացել ենք վերջին տարիների ընթացքում։ Հատկապես, շնորհակալ ենք 2008թ-ի օգոստոսին Վիկտոր Յուշչենկոյի այցի համար։ Այդ մասին հիշում է ողջ վրաց ժողովուրդը»,- ասել է բանախոսը։