Արմատախիլ ենք անելու կոռուպցիան եւ դա անելու ենք բավական հեշտությամբ, որովհետեւ երբ երկրի ղեկավարը թաթախված չէ կոռուպցիայի մեջ, սա արդեն կոռուպցիան ջախջախելու կարեւոր նախապայման է: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ մտնելու ոչ մի կոռուպցիոն գործարքի մեջ, ոչ մի կողմնակի եկամուտ չեմ ունենալու, որեւէ գույք, բիզնես, բաժնետոմս: Նույնը պահանջում են կառավարության յուրաքանչյուր անդամից ու պաշտոնյայից:
Մենք էականորեն մեծացնելու ենք պետության եկամուտները, հզորացնելու ենք ֆինանսական համակարգը: Մենք էականորեն կրճատելու ենք ստվերային տնտեսությունը»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ վերջերս գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բոլոր գործարարները ազատվում են բոլոր տեսակի կոռուպցիոն պարտավորություններից. «Ցանկացած մեկը, ով կփորձի փայ մտնել որեւէ բիզնեսում, նալոգ դնել որեւէ գործարարի վրա, իմ անձնական թշնամին է եւ պետք է սպասի օրենքի ջախջախիչ հակահարվածին: Բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք եւ հանենք ամենամութ ծակերից:
Մենաշնորհային համակարգը իր վերջին օրերն է ապրում Հայաստանում: Հարկային օրենսգրքի բարեփոխումները մեր առաջնահերությունների շարքում է, որովհետեւ այդ օրենսգիրքն իսկապես բարդություն ու խառնաշփոթ է ստեղծել»,-ընդգծեց նա:
ՀՀ վարչապետի խոսքով, իրենց այս գործողություններով ներդրումային բարենպաստ միջավայր են ապահովելու, որտեղ յուրաքանչյուր ներդրող պետք է պաշտպանված զգա. «Ես լինելու եմ ցանկացած ներդրման երաշխավորը: Արդեն հանձնարարել եմ ԱԱԾ-ին, որ այդ կառույցում ստեղծվի ներդրումներն ապահովող բաժին եւ յուրաքանչյուր խոշոր ներդրողի կցվի ԱԱԾ աշխատակից, ում պատասխանատվությունը կլինի արագ արձագանքել ներդրողի բոլոր ահազանգերին եւ լուծել այդ խնդիրները»:
Նա շնորհակալություն հայտնեց այն սփյուռքահայերին, որոնք արդեն ներդրումներ են արել. «Մենք ամեն ինչ կանենք, որ այդ ներդրումային միջավայրը վերածվի ներդրումային բումի»: Փաշինյանը կոչ արեց գալ ու ներդրումներ այել Հայաստանում, որի համար չկա որեւէ քաղաքական խոչընդոտ:





























