Բանտերում չպետք է լինեն մարդիկ, որոնք կարող են համարվել քաղբանտարկյալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այս պրոցեսը պետք է հիմնվի հստակ արձանագրման վրա, որ զենքի եւ բռնության վրա հիմնված քաղաքական հարցեր լուծելու էջը փակված է:

«Չի կարող իշխանությունը թույլ տալ, որ ներքաղաքական կամ հանրային հարցերի պարզաբանման ժամանակ լինեն վենդետաներ, հնչեն կրակոցներ, արյուն թափվի»:

Փաշինյանը նշեց, որ պետությունն ունի երկրի կայունությունն ապահովելու հստակ գործառույթ եւ այդ գործառույթը կկիրառվի առանց երեալու: «Սա վերաբերում է հանցավորության դեմ պայքարին: Վերջին շրջանում նվազում է հանցավոր կամ գողական մտածելակերպի տարածումը: Կառավարությունը վճռական է այս հարցում եւ ՀՀ-ում տիրապետող տեսակետ պետք է լինի իր արժանապատվությունը հարգող, հանցագործությունների հետ բացահայտման հարցում ոստիկանության հետ համագործակցող քաղաքացին: Հանցավոր մտածողություն ունեցող որեւէ մեկը նմանակման կերպար չպետք է դառնա երիտասարդության համար»,-ընդգծեց նա: