Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ անձամբ բախվեցի այն իրողության հետ, որ ՀՀ դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում գոյություն ունեն դատական համակարգի անկախությունն ապահովող օրենսդրական կարգավորումներ, բայց իրականությունն ավելի հզոր է, քան օրենսդրությունը: Նոր իշխանության առջեւ գայթակղության մի մեծ քար է դրված՝ ի՞նչ անել՝ շարունակե՞լ դատարաններին հրահանգավորելու արատավոր ավանդույթը, թե՞ կոնկրետ քայլեր անել՝ դատական համակարգի անկախությունը երաշխավորելու համար:

Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ինքս ինձ համար որոշում եմ կայացրել չշարունակել արատավոր այս գործելակերպը, զերծ մնալ դատավորների «շեֆի» դերակատարումը ստանձնելուց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ երբեմն խնդրում են, աղաչում, որ իրենց ասեն, թե ինչպես վարվել:. «Ես հրաժարվում եմ նման գործելակերպից, դա դեպի դիկտատուրա տանող ուղի եւ անպատվաբեր ճանապարհ է: Դատավոր նշանակված բոլոր անձինք այդ կարգավիճակը ստանձնել են կամավոր: Մյուս կողմից որեւէ դատավոր թող չփորձի կայացնել որոշումներ՝ կաշառքի, տարբեր տեղերից ստացվող զանգերի վրա: Նման դատավորների հանգրվանը Երեւանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկն է: Իսկ ովքեր սովոր են որոշումներ կայացնելու կոռուպցիայով, կաշառքով, ճիշտ կանեն հեռանալ դատաիրավական համակարգից», - շեշտեց Փաշինյանը: