Մենք ուզում ենք կառուցել պետություն, որ քաղաքակրթական մակարդակով եվրոպակա՞ն տիպի, թե՞ ռուսական, բելառուսական, ղազախական տիպի երկիր պետք է լինենք։ Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
Նա նաեւ հարցրեց, թե չե՞ք կարծում, որ նոր կառավարությունն իր գործունեությունը սկսել է` հիմք ընդունելով КГБ-ն. «Ինչու եմ այդպես ասում, քանի որ այն չի վերափոխվել, ու պետք է այն փլուզվի և, իրոք, ազգային մարմին պետք է ստեղծվի»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ունի բացառապես հայաստանյան ծագում:. «Մենք արտաքին որևէ ուժի օգտին կամ դեմ չենք պայքարում, ու այն չունի արտաքին քաղաքական որևէ ենթատեքստ, մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, ուզում ենք ունենալ մեր ինքնագիրն ու առանձնահատկությունը: Ես չեմ հասկանում, երբ մեր քաղաքացիները դրսում անընդհատ ուղենիշներ են փնտրում։ ՀՀ Սահմանադրությունն ունի առաջին հոդված՝ ՀՀ-ը ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է։ Սա եմ ես համարում ամենամեծ արժեքային համակարգը։
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այն Հայաստանի ԱԱԾ է, ես չեմ ասում, որ այն կատարյալ է, խնդիրներ չկան: Ես ասում եմ, որ այն ՀՀ ԱԱԾ է, և ես դա կարող եմ երաշխավորել ու հետագայում էլ կերաշխավորեմ»:




























