Մենք մի քիչ ամաչում ենք, որ կառավարության կազմում չենք կարողացել ավելի մեծ թվով կանանց ներգրավել: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի դիտարկմանը, որ թեեւ որպես վարչապետի թեկնածու Փաշինյանը կանանց ներգրավվածության մասին հայտարարել էր, սակայն այդ մասին չկա կառավարության ծրագրում:
«Այն ինչ ասվել է այդ թեմայով, շատ կարեւոր է: Որպես վարչապետի թեկնածու իմ ելույթի որեւէ դրույթ չի կարող իր արժեքը փոխել՝ անկախ նրանից, ընդգրկվել է կառավարության ծրագրում, թե ոչ: Հեղափոխության ժամանակ մեր ձեռքբերումներից մեկն էլ կանանց ներգրավվածության աճն էր քաղաքական գործընթացներում: Կանանց այդ ակտիվությունը պետք է շարունակվի մնալ որպես կարեւոր գործոն: Նրանց ակտիվությունը որեւէ կերպ չի հակասում ընտանիքի մասին մեր պատկերացումներին եւ լավագույն ավանդույթներին»,-հայտարարեց Փաշինյանը:
Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց նաեւ բարեգործության անվան տակ ընտրակաշառքը բաժանելու խնդրին. «Բարեգործության մասին օրենքում պետք են փոփոխություններ, քանի որ բարեգործության անվան տակ ընտրակաշառքը բաժանելու գործընթաց է տեղի ունենում եւ այսօր էլ շարունակվում է՝ մարդկանց տարբեր բարեգործական ծրագրերում ներառելով»,-ասաց նա:
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խումբ պետք է ձեւավորվի. «Բոլոր գաղափարները պետք է քննարկենք ու գանք ընդհանուր ըմբռնման, թե ինչ ասելով ինչ նկատի ունենք, որ թացը շորին չխառնվի»:




























