Կառավարության առաջիկա ամենալուրջ մարտահրավերներից մեկը պետք է լինի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելն ու որոշում կայացնելը: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, տվյալ խնդրի շուրջ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ռիսկերը, որ ոչ միայն երկարաժամկետ, այլեւ կարճաժամկետ առումով կարող են աղետալի  հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա:

«Քանի որ հարցն ունի հսկայական քաղաքական ենթատեքստ, Կառավարությունը պետք է լրջագույն որոշումներ կայացնի այս կապակցությամբ: Իհարկե, մենք պիտի կայացնենք այնպիսի որոշում, որը բխում է բացառապես Հայաստանի ազգային շահերից: Եվ այդ որոշումը պետք է լինի գիտակցված ու պատասխանատու: Եվ ուզում եմ ընդգծել մի քանի փաստեր, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել որոշումներ կայացնելիս»,- ընդգծեց Փաշինյանը:

«Փաստ 1-ին. պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80 տոկոսն արդեն իսկ ներառված է համակարգում, եւ շահառուների միայն 20 տոկոսն է, ում ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո:

Փաստ 2-րդ. այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 միլիարդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Փաստ 3-րդ. կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհում հսկայական հեղինակություն վայելող եւ ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն գերազանցող կապիտալների տիրապետող ընկերություններ, եւ Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանի՝ միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու: Ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ բոլորիս մեծագույն վերապահումը եղել է վստահության բացակայությունը այն ներդրող կառավարության եւ իշխանության նկատմամբ. «Այսօր այս խնդիրը վերացել է, եւ ուզում եմ համոզմունք հայտնել, որ այդ հարցի վերաբերյալ կկարողանանք որոշումներ կայացնել, որոնցում հաշվի կառնվեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիների երկարաժամկետ շահերը»:

Փաշինյանը խոստացավ, որ կառավարությունն այս թեմայով կաշխատի մաքսիմալ անկեղծ ու թափանցիկ լինել:

Հիշեցնենք՝ հուլիսի 1-ից ուժի մեջ պետք է մտնի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ոչ պետական ընկերությունների համար, սակայն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ այժմ քննարկվում է այդ ժամկետը մեկ տարով հետաձգելու հարցը: