Կարծես թե այս երկրի մոտակա ապագայի մասին քիչ մտահոգություն կա, փորձում են փիլիսոփայական կամ ուրիշ տրյուկներով տպավորություններ ստեղծել: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԾ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Կարծես թե այս երկրի մոտակա ապագայի մասին քիչ մտահոգություն կա, փորձում են փիլիսոփայական կամ ուրիշ տրյուկներով տպավորություններ ստեղծել: Սրա ժամանակը չէ: Մեր ընդդիմախոսներն ասում են, որ չափելի թվեր չկան: Հստակ գրված է, որ մինչև մեկ տարվա ընթացքում պետք է արտահերթ ընտրություններ լինեն: Ամեն ինչ տեղավորվում է սրա մեջ, սա է չափելի թիվը»,- նշեց նա:

մելքումյանը ընդգծեց, որ պետք է կարողանանք ճիշտ ձեւակերպել այն մոդելը, որը կաշկանդել է մեր պետության զարգացումը. «Քաղաքական բռնապետը արտոնություններ է տվել տարբեր մարդկանց, ստեղծվել են մենաշնորհներ եւ ամբողջ իրավական համակարգը դրան է սպասարկել: Ուզո՞ւմ եք թիվ, սրանից 10 տարի առաջ կային 65-70 խոշոր քաղաքացողներ տնտեսության մեջ, 5 տարի առաջ՝ 30, իսկ երկու տարի առաջ 10-12-ի:  Ոնց կարող էր այդ մոդելի մեջ ներդրումներ գային: Այսինքն մարդիկ իրենց կապիտալը, որը հնարավոր էր, տարել էին դուրս: Այսինքն հիմա Բաղրամյան 26-ից այդ սխեման կազմաքանդում են: Այլեւս Բաղրամյան 26-ից կաշկանդում եւ ճնշում բիզնեսի մեջ չի լինելու, սա է կարեւորը, որին ես հավատում եմ»,-նշեց Մելքումյանը:

Նա խոսեց արհեստական մենաշնորհների մասին. «Վերցնենք բենզինի եւ դիզվառելիքի շուկան. Հայաստանում կա 854 բենզալցակայան, որից 201-ը՝ Երեւանում: Դրանց 70 տոկոսը երկու սուբյեկտի է պատկանում ու եթե հիմա մյուսները բենզին ներկրեն, որտե՞ղ են վաճառելու: Դրա համար մրցակցության մասին օրենքում ունենք խտրականության մասին դրույթ: Հաջորդը հիպերմարկետների խնդիրն է, դրանք որոշ օրերի պետք է չաշխատեն, որ մանր խանութները գործեն ու շնչեն»:

Անդրադառնալով գազամատակարարման համակարգին, Մելքումյանը նշեց, որ կոնկրետ 70 միլիոն խմ գազ գողանում են գազամատակարարման համակարգից. «Ես կքննարկեմ Գագիկ Ծառուկյանի հետ մոտ ժամանակներում քննիչ հանձնաժողով ստեղծելու համար: Մենք գազի ու էլեկտրաէներգիայի մասով հստակ ռեզերվներ ունենք, որ իջեցնենք: Թվեր ենք բերելու, ցույց ենք տալու»: