Լյուստրացիան այս կառավարության պարտականությունն է, իմանանք, ով ում է ծառայել, ում պապը ում է ծախել: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը:
Նա դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Զգույշ եղիր, ու ընդհանրապես կառավարության անդամներ զգույշ եղեք, որովհետեւ Հայաստանի ցանկացած հակահեղափոխության թիրախը դուք եք: Դուք շատերի կոկորդին եք կանգնած: Ընտրությունները մի հետաձգեք, որովհետեւ այդ ընթացքում բոլորս վտանգի մեջ ենք, առաջին հերթին դուք»:
Զուրաբյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ-ին՝ նշելով. «Տղերք, մի բան շատ կարեւոր է, ԿԳԲ-ի հոտը դեռ այդ կառույցի շենքից դուրս չի եկել, այնտեղ երբ մենք նստած էինք, Ձերժինսկու նկարն էր կաբինետներում: Չեկիստական ոգին դեռ այնտեղ կա: Դրանից պետք է զատել մարդկանց, որոնք իսկական հետախույզ են ու հակահետախույզ:
Ես կառաջարկեմ այդ շենքը քանդել, տեղը լիճ սարքել, որ ջուրը չարիքը վերացնի: Մաքրեք այդ կեղտից Հայաստանը»:
Զուրաբյանն ընդգծեց, որ 1998-ից հետո քոչարյանիզմ է ձեւավորվել Հայաստանում, որի զոհը նաեւ ՀՀԿ-ն է. «Հոկտեմբերի 27-ից հետո այս երկիրը դարձավ թշնամության երկիր: Վանո Սիրադեղյանը քաղաքական վտարանդի է, հեռացվել է նրա համար, որ վտանգ է ներկայացրել Քոչարյանի համար: Դրա համար նրա հանդեպ սկսվել է հետապնդում, գործ է կարվել: Կարելի է այդ քննիչներին կանչել, թող պատմեն, թե ոնց են կարել գործը: Քաղաքական գնահատական պետք է տրվի նրան, որ Հայաստանում ստեղծվել է անարդարությունը, ընտրակեղծարարությունը, պոռոտախոսությունը»,-ասաց նա:
Արարատ Զուրաբյանն անդրադարձավ նաեւ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի ելույթին. «Աշոտյանն այսօր լավ խոսեց, կարելի է իրեն հեռուստահաղորդում տալ, թող հումորային հաղորդում վարի: Այս Աշոտյանը շատ լավն է: Հոյակապ Աշոտյան էր: Բայց հիշեք քաղաքական գործիչ Աշոտյանին, էդ տղերքը հիվանդացել էին, հիմա բուժվում են»:




























