Երեւանն այս ամբողջ ընթացքում չի արել որեւէ քայլ, որը կծառայեր մի երկրի հետ հարաբերություններին մյուսի հաշվին։ Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք ԱՄՆ–ի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը զայրացնել Մոսկվային:

Նրա խոսքով, ՀՀ իշխանություններն առավել քան հստակ են խոսել Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակի մասին։ «Մեր երկխոսությունն ԱՄՆ–ի հետ,  հարաբերությունները ԵՄ–ի հետ, ամեն մեկն իր տեղն ունի։ Սակայն մենք ՌԴ–ի հետ գործընկերներ ենք, աշխատում ենք մեր անվտանգության համակարգերի համախմբման եւ զարգացման ուղղությամբ, Ռուսաստանի հետ ունենք ամենախորը համագործակցությունը։ Եվ որքան ամուր ենք կանգնած ոտքի վրա, ավելի վստահելի ու հուսալի գործընկերներ ենք մենք բոլոր նրանց համար, որոնց հետ ունենք գործընկերային հարաբերություններ։ Առաջին հերթին, սա վերաբերում է Ռուսաստանին։ Մենք ԱՄՆ–ի հետ ունենք մեր օրակարգը, ինչը բնական է՝ ինչպես Ռուսաստանն ու ցանկացած այլ երկիր»։  

Հարցին, թե այդ օրակարգը չի զայրացնում Մոսկվային, Մնացականյանը պատասխանել է, որ «կզայրացնի այն պարագայում, եթե մի գործընկերոջ հետ հարաբերությունները կառուցենք մյուսի հաշվին։ Մենք երբեք դա չենք արել»։